ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԵԼՈՒ ԲՈԼՈՐ ՁևԵՐԸ ՉԷ, ՈՐ ՕԳՏԱԿԱՐ ԵՆ ՆՈՒՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԵԼՈՒ ԲՈԼՈՐ ՁևԵՐԸ ՉԷ, ՈՐ ՕԳՏԱԿԱՐ ԵՆ ՆՈՒՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»
26.02.2010 | 00:00

Հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր հեռանկարի շուրջ իր տեսակետն է ներկայացնում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։
-Պարոն Կարապետյան, հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացն առնվազն լճացել է։ Կան տեսակետներ, թե այն, այնուհանդերձ, շարունակություն կունենա, սակայն ավելի հավանական է համարվում դրա վերջնական տապալումը։ Դուք ո՞ր սցենարն եք հնարավոր համարում, և եթե գործընթացը տապալվի, ապա կստացվի, որ Հայաստանի իշխանությունները հերթական անգամ կարողացան վտանգավոր իրավիճակում ջրից չոր դուրս գալ։
-Իմ տպավորությամբ` դա շատ երկար ու դժվարին պրոցես է, և ամեն ինչ այնքան է «թրջվել», որ չոր դուրս գալ հազիվ թե հաջողվի։ Ժամանակին ես խոստացել եմ ձեր թերթի միջոցով ներկայացնել, թե որն է այս գործընթացում Թուրքիայի իրական խաղը, եթե, Աստված մի արասցե, Հայաստանը վավերացնի արձանագրությունները։ Որովհետև այն ամենը, ինչի մասին ասվում, խոսվում, գրվում է մեկ տարուց ավելի, ունի գաղտնի, չբացահայտված մաս։
Սկզբում Հայաստանի իշխանությունները բացարձակ անհիմն էյֆորիայի մեջ էին, կարծում եմ, ապագա Նոբելյան մրցանակի փողն էլ կիսել էին իրար մեջ։ 2009-ի ապրիլի 24-ին, երբ արդեն ի հայտ էր եկել, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզը», ես Եղեռնի հուշարձանի մոտ հայտարարեցի, որ Սերժ Սարգսյանը մտնում է մի շատ բարդ, խճճված և վտանգավոր խաղի մեջ։ Եվ ովքեր հորթային հրճվանք էին ապրում հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացից, այսօր կարող են աչքերը բանալ ու տեսնել, որ Թուրքիայում մի քանի օրում 49 մարդ է ձերբակալվել, որոնցից 21-ը` գեներալներ, փակվում են քրդական կուսակցություններ։ Այսինքն, եթե այսպես շարունակվի, մենք գուցե այլևս «կոնտրագենտ» էլ չունենանք այն կողմում, որովհետև վիճակը կարող է խիստ ապակայունանալ։
-Կարծում եք, որ դա Թուրքիայում հեռահա՞ր նպատակներ հետապնդող գործընթաց է։ Այսինքն` ռազմական հեղաշրջման «Մուրճ» ծրագիրն իսկապե՞ս գոյություն է ունեցել։
-Այո՛, և դա անմիջականորեն կապակցված է հայկական խնդրի հետ։ Այնպես որ, մեզանում որոշակի հորթային հրճվանքը, կարծում եմ, կվերջանա։ Իշխանությունները դժվարությամբ, բայց սկսում են հասկանալ, որ գեոքաղաքականությունը ոչխար կամ տավար արտահանել չէ, ավելի լուրջ բաների հետ գործ ունենք, քան հայկական կենցաղային «ռազբորկաներն» են։ Ակնհայտ է դառնում, որ Հայաստանն այս շախմատային խաղում որևէ դերակատարություն չի ունեցել, Թուրքիան ճիշտ հակառակը` վարել է մշակված խաղ։
-Եվ ո՞րն է այդ խաղը, որո՞նք են դրա նպատակները։
-Խաղը սկսվել է 1980-ի սեպտեմբերի 12-ին, երբ գեներալ Քենան Էվրենը գլխավորեց հերթական ռազմական հեղաշրջումը Թուրքիայում և դարձավ ռազմական դիկտատոր։ 1975-78 թթ. նա Մոսկվայում թուրքական ռազմական կցորդն էր, որը շատ կարևոր պաշտոն է, եթե հաշվի առնենք, որ գոյություն ուներ Վարշավյան պայմանագիր և ՆԱՏՕ հակադրությունը։ 1978-ին Էվրենը բավականին անսպասելի կարիերայի թռիչք կատարեց` դառնալով թուրքական բանակի գլխավոր շտաբի պետ և հետո արդեն իրականացնելով հեղաշրջումը։ Սակայն մինչ այդ նա արդեն կարևոր դերակատարություն ուներ «Գլադիո» անվանումը ստացած մի ծրագրի շրջանակներում գործող գաղտնի կառույցի անդամ լինելու առումով։ Այդ կառույցը կոչվում էր ԷՍՏԷԿԱ (STK), բառացի թարգմանությամբ` հակապարտիզանական ուժերի շտաբ։
-Ո՞վ է հեղինակել «Գլադիո» ծրագիրը։
-Դրա արմատները ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբում են։ Ծրագիրը սկիզբ է առել Իտալիայում, երբ ՆԱՏՕ-ի բլոկն ուներ մտահոգություն, որ ԽՍՀՄ-ի, ընդհանրապես Վարշավյան պայմանագրի զորքերը կարող են գրավել Թուրքիան, Իտալիան, Արևմտյան Եվրոպան։ Դրա համար էլ նախաձեռնվեց «Գլադիո» ծրագիրը, և ՆԱՏՕ-ի այն երկրներում, որոնք անմիջապես սահմանակից էին Վարշավյան պայմանագրի պետություններին, հիմնադրվեց այդ կառույցը` հակապարտիզանական ուժերի շտաբը։ Քենան Էվրենն այդ կառույցի ակտիվ անդամներից մեկն էր։ Անշուշտ, «Գլադիո» ծրագրի ընդհանուր համակարգումն իրականացնում էին ամերիկյան ԿՀՎ-ն և բրիտանական ՄԻ-6 հետախուզությունը։ Ի դեպ, «Գլադիո» ծրագրի հեռանկարների վերաբերյալ 1980-ականներին հատուկ քննարկումներ են կազմակերպվել նույն Չաթըմ Հաուսում, որտեղ վերջերս ելույթ ունեցավ Սերժ Սարգսյանը։
-Վերադառնանք հակապարտիզանական շտաբի խնդիրներին։ Ի՞նչ նպատակ էր հետապնդելու այդ կառույցի գործունեությունը։
-Բնականաբար, պայքար ԽՍՀՄ-ի, Վարշավյան պակտի երկրների դեմ, առհասարակ։ Այսօր ո՛չ Վարշավյան պայմանագիրը կա, ո՛չ էլ ԽՍՀՄ-ը, բայց հիշյալ կառույցները մնացել են։ Այսօր Թուրքիայում կատարվող ձերբակալություններն առնչվում են հենց այդ կառույցում ժամանակին ընդգրկված զինվորականներին։ Չմոռանանք, որ Քենան Էվրենը 1983-ին ստանձնեց Թուրքիայի նախագահի պաշտոնը, վարչապետ նշանակելով Թուրղուտ Օզալին։
-Որը հետագայում դարձավ Թուրքիայի նախագահ։
-Այո՛, և Օզալը նույնպես առնչություն ուներ այդ ամենի հետ։ Այսինքն, Էվրենը, ի դեմս նրա, ժառանգորդ էր աճեցնում։ Այնքան ժամանակ, ինչ Թուրքիայում իշխանության գլուխ էին քեմալական հոսանքի ներկայացուցիչները, նրանք միշտ ձգտել են այս կառույցը ծառայեցնել իրենց նպատակներին` զուգահեռ մշակելով նաև իրենց ծրագրերը։ Մասնավորապես, 1980-ի դեկտեմբերին, հեղաշրջումից գրեթե անմիջապես հետո, սկսվել է «Նոր Օսմանյան պետություն» ծրագրի մշակումը, որով զբաղվում էին Քենան Էվրենի չորս խորհրդականները, ինչպես նաև «Գորշ գայլեր» հայտնի կազմակերպության երկու ղեկավարները։ Այդ ծրագիրը նախատեսված է իրագործել մինչև 2050 թվականը, այն այսօր էլ քեմալականները` Թուրքիայի բանակի գլխավոր շտաբը, համարում են երկրի զարգացման գլխավոր փաստաթուղթը։
Ծրագրի առաջին մասում ամրագրված է, որ մինչև 2000-ականները Թուրքիան հնարավորություն չի ունենա գեոքաղաքական ազդեցություն ձեռք բերելու իր հարևան տարածաշրջաններում և մինչ այդ հիմնական նպատակը պետք կլինի ամրացնել տնտեսությունը, ամեն գնով դառնալ Եվրամիության անդամ։ Այսինքն` 1980-ին այդ խնդիրն արդեն դրված է եղել։ 2000-2010-ը, ըստ ծրագրի, Թուրքիայի ազդեցությունը պետք է սկսեր ծավալվել դեպի ԽՍՀՄ-ի թուրքալեզու հանրապետությունները, Ռուսաստանի թուրքալեզու ժողովուրդներով բնակեցված ինքնավարությունները, Կովկասը, թուրքաբնակ Հյուսիսային Իրանը։ Բոլոր այս տարածքները պետք է մտնեին Նոր Օսմանյան պետության կազմի մեջ, ներառյալ նաև Չինաստանի Սինցզյան-ՈՒյղուրական նահանգը։
-Բայց 1980-ին ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ ԽՍՀՄ-ը կփլուզվի։
-Քանի որ ծրագիրը, ընդհանուր առմամբ, համակարգել են ամերիկյան ԿՀՎ-ն ու բրիտանական ՄԻ-6-ը, կարծում եմ, որոշակի հաշվարկներ և աշխատանք տարվել է ԽՍՀՄ-ի փլուզման վերաբերյալ։ Հիմա եթե ուշադրություն դարձնենք, ապա փլուզմանը հետևած անցած քսան տարիների ընթացքում այդ ծրագրի իրագործման ուղղությամբ Թուրքիան և ՆԱՏՕ-ն իրական քայլեր կատարել են։ Ղրիմի թաթարներն այնտեղ դարձել են գործոն, Կոսովոն անջատվել է Սերբիայից, Թուրքիան բոլոր հնարավոր միջոցներով խթանել է անջատականությունը Չեչնիայում, Հյուսիսային Կովկասում ընդհանուր առմամբ և Ռուսաստանի այլ տարածաշրջաններում։ Բազմաթիվ գործնական քայլեր են արվել նախկին ԽՍՀՄ թուրքալեզու հանրապետություններ կառուցելու ուղղությամբ։
Ընդ որում, կոնկրետ Կովկասի հետ կապված ծրագիրը նախատեսում էր «ընդլայնված Չեչնիայի» ստեղծում, որի անհաջող փորձն արվեց 1999-ին Դաղստան ներխուժելով։ Կա նաև «մեծ Չերքեզիայի» գաղափարը, թեպետ ադըղեական ժողովուրդները, ինչպես նաև վայնախները կամ չեչենները, թրքալեզու չեն։ Սակայն ներառված են որպես գործոն` Սոչիից մինչև Անապա ընկած տարածքում Չերքեզիա ստեղծելու համար, և այդ նպատակով նախատեսված էր բոլոր միջոցներով երկու միլիոն ռուսների հեռացնել այդ տարածաշրջանից, ինչպես նաև Ղրիմից, որը նույնպես պետք է Նոր Օսմանյան պետության մասը դառնար։
-Որքանով հասկանալի է, Հայաստանի համար այդ ծրագիրը պարզապես ոչնչացում էր նախատեսում։
-Հայաստանի մասին այդ ծրագրում ընդհանրապես չի հիշատակվում, ինչը սկզբունքորեն հենց դա էլ նշանակում է։ Չեմ ուզում պնդել, թե նախատեսված է նոր ցեղասպանություն, որովհետև ժամանակակից աշխարհում ժողովրդագրության փոփոխության միջոցով տարածքներ նվաճելու շատ ձևեր կան, և Թուրքիան դրանց շատ լավ է տիրապետում։ Ասենք, հայ-թուրքական սահմանի բացման դեպքում եթե 5-6 միլիոն թուրք սկսում է գնալ-գալ Հայաստան, աստիճանաբար հաստատվել այստեղ, երկու միլիոնանոց Հայաստանը դիմադրության որևէ պոտենցիալ չի ունենա ու աստիճանաբար և շատ արագ կկլանվի ու կդատարկվի։
-Սակայն այլ շահագրգիռ կողմերը` Ռուսաստանը, Իրանը, որոնց նույնպես սպառնում է այդ ծրագիրը, համակերպվե՞լ են դրա հետ։
-Բնականաբար` ո՛չ։ Ռուսաստանը, տեղյակ լինելով այս ծրագրին, ինչպես Ելցինի, այնպես էլ հատկապես Պուտինի և այսօր Մեդվեդևի կառավարման ժամանակաշրջանում, կտրուկ հակազդող քայլեր է ձեռնարկել դրա դեմ` երկու չեչենական պատերազմների և, ի վերջո, Չեչնիայի խնդիրը մասամբ լուծելու, մասամբ էլ կոնսերվացնելու ճանապարհով։ Այդ ուղղությամբ Ռուսաստանի արդյունավետ քայլերը զգալիորեն փոխել են իրավիճակը Հյուսիսային Կովկասում։ Այդ համատեքստում պետք է դիտարկել նաև ռուսական բազայի տեղակայումը Հայաստանում, ընդ որում, Հայաստանի սահմանների համատեղ պահպանության մասին հատուկ մեխանիզմների ստեղծումով։ Այսինքն, հակազդեցություն եղել է։ Վերհիշենք, որ ժամանակին Իրանի ադրբեջանցիներն էլ մեծ ակտիվություն էին դրսևորում Հայաստան ներթափանցելու առումով, ինչը հաջողվեց կանխել Հայաստանին ցուցաբերած նույն Ռուսաստանի և Իրանի լուրջ աջակցության շնորհիվ։ Կարծում եմ, որ ռուս-հայկական ռազմաքաղաքական հարաբերություններն այսօր էլ արդիականացման կարիք ունեն, որպեսզի ստեղծենք մի իրավիճակ, որ Թուրքիայի և մնացած բոլորի համար հասկանալի լինի` Հայաստանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն արժանանալու է Ռուսաստանի համարժեք արձագանքին։
-Ձեր պարզաբանումներից ստացվում է, որ ԱՄՆ-ի դերն այս ամենում բոլորովին էլ հայանպաստ չի եղել։
-Այն ժամանակ, երբ մշակվել է «Գլադիո» ծրագիրը, երկու խոշոր համակարգերի պայքար էր աշխարհում, և հայկական գործոնի նշանակությունն այդ ամենում ընդհանրապես հաշվի չի առնվել։ Հիմա էլ խաղն ընթանում է Ռուսաստանին թուլացնելու, Իրանի սահմանում արևմտյան զինուժ տեղակայելու, դինամիկ զարգացող Չինաստանին զսպելու նպատակով, որը շատ լուրջ հակադրության մեջ է ԱՄՆ-ի և նույն Թուրքիայի հետ։ Այսինքն` մեզ համար նախատեսված է եղել մատաղացուի դերը։ Հայաստանի իշխանություններն առանց հասկանալու, թե այս մեծ խաղերով մեզ ուր են ուղղորդում, ոգևորված մտան հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացի մեջ առանց որևէ բան հաշվի առնելու, և հասկանալի չէ, թե ում ինչ ապացուցելու համար։ Ես հանրապետականներին այդ հարցը տվել եմ, թե ի՛նչ էիք սպասում` որ սահմանը կբացվի ու կյանքը կլավանա՞։ Այսօր փաստ է, որ սահմանը մնաց փակ, հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացի պատճառով թշնամացանք բոլորի հետ։ Թուրքիայում իրար են ձերբակալում և, ի վերջո, ով էլ հաղթի այդ պայքարում, Հայաստանի նկատմամբ դիրքորոշումն ավելի է կոշտացնելու։ Ադրբեջանի հետ գրեթե ռազմական բախման շեմին ենք, Վրաստանը Ջավախքում հակահայկական քաղաքականությունն ավելի է ուժեղացրել, Աբխազիայից հայերին փորձում են վտարել։ Այսինքն, «նախաձեռնողական» քաղաքականության շնորհիվ մենք ողջ աշխարհում հայկական գործոնը դրեցինք հարվածի տակ։
-Հիմա, ըստ Ձեզ, «Էրգենեկոնի» գործը Թուրքիայում ի՞նչ ավարտ կունենա և, առհասարակ, դա ի՞նչ կազմակերպություն է, որի պատճառով այդքան գեներալներ են ձերբակալվել։
-«Էրգենեկոնը» պարամասոնական կազմակերպություն է, որի կազմում հիմնականում զինյալ խմբավորումների ղեկավարներ, նախկին ու գործող բարձրաստիճան զինվորականներ են։ Այսինքն, այս կազմակերպությունը մի միջանկյալ օղակ է, որի միջոցով էլ ապահովվել է կապը թուրքական գլխավոր շտաբի և այն նախկին զինվորականների, «Գորշ գայլեր» կազմակերպության ղեկավարների հետ, ովքեր ընդգրկված են եղել նաև «Գլադիո» ծրագրում 1980-ականներից։ Ռազմական հեղաշրջման ծրագիրը, որ այսօր փորձում է կանխել Էրդողանը, թերևս, հենց այնտեղ էլ մշակվել է։
-Ստացվում է, որ Էրդողանը, քեմալիստներին բանտերը խցկելով, իրական հիմքեր է ստեղծում հարևանների, նաև հայերի հետ հարաբերությունների բարելավման համար։ Որովհետև քեմալիստները միշտ ծայրահեղ հակահայ դիրքորոշում են ունեցել։ Թե՞ Դուք կարծում եք, որ իսլամիստների ու նրանց միջև տարբերություն չկա։
-Կարծում եմ, որ այդ տարբերությունը մեծ չէ։ Էրդողանը ցանկանում է «Նոր Օսմանյան պետության» կառուցման ծրագիրն իրագործել իսլամիստական ճանապարհով։ Այսինքն, իսլամական աշխարհում Թուրքիայի դերակատարության բարձրացումով։ Տեսականորեն դա անհիմն չէ և հետաքրքիր մոտեցում է, եթե հաշվի առնենք, որ աշխարհի մահմեդականների 80 տոկոսը սուննի է, ինչպես և Թուրքիան։ Դա հնարավորություն է ստեղծում, որ Թուրքիան շիական Իրանի ձեռքից խլի մահմեդականներին առաջնորդելու դրոշը, թեպետ այսօր, անշուշտ, Իրանի դերակատարությունն է ավելի ծանրակշիռ։ Իրանական իմամները, որ զրադաշտական քրմերի հետևորդներն են, լուրջ կշիռ ունեն աշխարհի փակ ակումբներում, էզոթերիկ դաշտում։
-Էրդողանին կհաջողվի՞ վերջնականապես ջախջախել քեմալիստներին։
-Թուրքիայում կա այդպիսի մի գաղտնի կառույց, որ կոչվում է «խորացված պետություն»։ Այսինքն, բանակի և տարաբնույթ քեմալիստական կազմակերպությունների, հատուկ ծառայությունների, լեգալ գործող քաղաքական կուսակցությունների, էլիտաների սերտաճումն այնքան խոր է ու բազմաշերտ, որ ես չեմ կարծում, թե իսլամիստները հաջողության կհասնեն։ Դրա համար էլ Էրդողանը Ռուսաստանի հետ մերձենալու լուրջ քայլեր է կատարում։ Նա հասկացել է, որ քեմալականների թիկունքին կանգնած են ԿՀՎ-ն և «Մոսադը», և իր կուսակցությանը մնում է կա՛մ աշխատել նրանց հսկողության տակ, կա՛մ իշխանությունը պահելու և իր նպատակներն իրագործելու համար մերձենալ հակառակորդ կողմի հետ։ Էրդողանն ընտրել է երկրորդը` դառնալ թեկուզ ժամանակավոր դաշնակից Ռուսաստանի հետ և այդպիսով ունենալ ռեսուրսներ այսօրվա գործողություններն ավարտին հասցնելու համար։ Իմ կարծիքով, դա հազիվ թե հաջողվի, որովհետև ԱՄՆ-ն ու Իսրայելն ամեն ինչ կանեն, որ Թուրքիայում իսլամիզմի մեծ ալիք չբարձրանա։ Դա կլինի իրենց ծրագրի վերջը։ Եթե դա չհաջողվի, նրանք պայմաններ կստեղծեն Թուրքիայի մասնատման համար։
-Եվ այդ մասնատման արդյունքում Հայաստանը կարող է շահե՞լ։
-Ես հիմա վաղաժամ եմ համարում փակագծերը բացելը։ Կարող եմ միայն ասել, որ այդ դեպքում, ըստ իս, Թուրքիան կմասնատվի երեք մասի։ Մնացածը մեկնաբանելն առայժմ անիմաստ է։
-Հայաստանի անելիքներն ինչպիսի՞ն են այս փուլում։
-Ես երեք վտանգ եմ տեսնում. առաջինը` եթե իշխանությունները շարունակեն այս անմիտ «առաջընթացը» և հնարավորություն տան թուրքերին իրագործելու իրենց ծրագիրը։ Երկրորդ վտանգը հնարավոր թատերականացված պատերազմի հրահրումն է։ Միայն այդպիսի պատերազմով Արևմուտքը կարող է մեզ ստիպել դառնալ մատաղացու։ Երբ «պատերազմի» արդյունքում Ադրբեջանին կհանձնվեն ինչ-որ շրջաններ, հայ-թուրքական սահմանը կբացվի և նշածս ծրագիրը կմտնի ընթացքի մեջ։ Բայց Արևմուտքում էլ պետք է իմանան, որ թատերականացված պատերազմն արդյունք չի տա, որովհետև կլինի նաև այլ շահագրգիռ ուժերի, հատկապես Ռուսաստանի միջամտությունը։
Երրորդ վտանգը, որ ներքին առումով ես տեսնում եմ, ընդդիմության դերի թատերականացված բարձրացումն է։ Իշխանությունը պահելու բոլոր ձևերը չէ, որ օգտակար են նույն իշխանության համար։ Եթե, ասենք, փորձ է արվում թատերականացված բարձրացնել ընդդիմության դերը, հրահրել նրան ինչ-որ գործողությունների, որոնց արդյունքում ոչինչ էլ չի ստացվելու և իշխանությունը մնալու է իր աթոռին նստած, դա բոլորովին չի նպաստում այդ աթոռի ամրությանը։ Որովհետև այդ դեպքում ամեն ինչ արժեզրկվում է, եթե մարդիկ իրար հետ առերես պայքարում են, հետո մի տեղ գնում, միասին խաշ ուտում, ինչ-որ բաներ կիսում։ Դա արտաքին աշխարհում ավելի է թուլացնում իշխանության դիրքերն ու ավելի մեծացնում նրա նկատմամբ արտաքին ճնշումները։ Ավելի լավ է թողնել, որ այս իրավիճակը բնական ճանապարհով զարգանա ու հանգուցալուծվի։ Իսկ արտաքին գործընթացների առումով Հայաստանի իշխանությունների համար այս փուլում ամենաիմաստավոր կեցվածքը պարզապես լռելը կլիներ։ Եվ չարձագանքել արտաքին դաշտից ներկայացված տարբեր առաջարկություններին, եթե դրանց բնույթն ու հեռանկարն իրենց համար պարզ ու հասկանալի չէ։ Լավ կլիներ, որ այս փուլում իշխանությունը զբաղվեր ներքին բարեփոխումներով, օլիգարխիկ համակարգի վերացումով, իրապես ազատական տնտեսություն ստեղծելով ու երկիրն այդպիսով ամրացնելով։ Բայց չեմ կարծում, թե այդ ցանկությունը և ներուժը այսօրվա վարչակազմն ունի։ Հետևաբար, եթե երկրին օգուտ չեն տալու, թող գոնե առայժմ շատ չվնասեն։ Միևնույն է, այս իրավիճակը երկար տևել չի կարող և հանգուցալուծվելու է արտահերթ ընտրությունների միջոցով։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1433

Մեկնաբանություններ